|
12.03.2010 18:57
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հանձնախումը մշակել է հեռուստառադիոընկերությունների մասնագիտական գործունեությունը կարգավորող էթիկական նորմերի Խարտիա` նպատակ ունենալով դրանց կիրառմամբ հեռուստառադիոեթերները զերծ պահել էթիկապես ոչ ընդունելի դրսեւորումներից:
Սրա մասին է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հանձնախմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ` խարտիան քննարկվել է նաեւ լրատվական գործունեություն իրականացնող 45 կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ խարտիան հնարավորություն կտա հեռուստաընկերություններին շատ խնդիրներ, որոնք մասնագետները առաջարկում են լուծել օրենսդրական դաշտում, ինքնակարգավորման մեխանիզմով լուծելու:
Անդրադառնալով այդ նախաձեռնությանը` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգոր Ամալյանը «Դուպլեքս» մամուլի ակումբում կարծիք է հայտնել, որ առաջարկվող մոդելն ըստ էության հենց հեռուստառադիոընկերությունների կողմից մշակված միասնական խաղի կանոններ են, որոնք կնպաստեն եթերների ինքնամաքրմանը:
Ոլորտում կարգավորումը պետք չէ ակնկալել բացառապես պետական մարմինների եւ օրենսդրական նախաձեռնությունների ճանապարհով: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ հասաակական կարգավորման ճանապարհը:
Հանրային խոհրդի նախաձեռնություններից մեկն էլ ազգային մրցանակաբաշխության հիմնումն է, որով, փաստորեն, կորոշվի հանրային վերաբերմունքն ու գնահատականը այս կամ այն լրատվամիջոցի, հաղորդման որակի առնչությամբ: Ի՞նչ կտան այս ամենը հեռուստառադիոընկերություններին եւ հանրությանը:
Հարցին արձագանքելով` ՀՌԱՀ նախագահը պատասխանեց հակադարձ հարցադրմամբ, ավելի հստակ` թե ինչ չեն տա: Հեռուստադիտողները չեն ստանա այնպիսի հաղորդումներ, որոնք, Գրիգոր Ամալյանի ձեւակերպմամբ, նպաստավոր չեն ընտանեկան միտումների համար եւ որոնք չեն ցանկանա, որ դիտեին իրենց երեխաները, իսկ հեռուստաընկերություններն էլ կստանան էթիկապես ընդունելի եւ որակյալ ծրագրեր:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|