|
27.07.2010 15:32
Աննա Բալյան
«Ռադիոլուր»
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն ավարտում է առաքելությունը մեր երկրում: Սեպտեմբերին լրանում է պաշտոնավարման 5 տարին եւ դեսպանն ավարտում է արդեն երկրորդ ժամկետը: Մամուլի Ազգային Ակումբում այսօր պարոն Բոժկոն երկու երկրների խնդիրները քննարկել է լրագրողների հետ, նաեւ ամփոփել պաշտոնավարման ժամանակաշրջանը:
«Տաշած քարը գետնին չի մնա»` հայկական ասացվածքով Ուկրաինայի դեսպանը բնորոշեց իր պաշտոնավարման փոփոխությունը: Հայագետ Ալեքսանդր Բոժկոն մյուս ամիս արդեն աշխատանքի կանցնի Ուկրաինայի արտգործնախարարությունում. մինչ Հայստան գալը ԱՊՀ երկրների վարչության պետն էր:
Հիմնական գործոնը Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում համարում է տնտեսականը. պաշտանավարման սկզբում` 2005-ին երկկողմանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը 118 միլիոն դոլար էր, 2008-ին` 310 միլիոն: Դինամիկ փոխհարաբերությունները որոշ չափով խոչընդոտեց տնտեսական ճգնաժամը, սակայն արվում են ազդեցությունը չեզոքացնելու քայլեր:
«Մենք մշակել ենք հատուկ ծրագիր` ինչպես պետք է դուրս գանք այդ վիճակից, որպեսզի ոչ միայն չեզոքացնենք ազդեցությունը ճգնաժամի, այլ նորմալ ապագա ունենանք մեր փոխհարաբերությունների համար տնտեսական ոլորտում»:
Միջմարզային համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում է: Խարկովի պատվիրակության այցին հետեւել է այդ մարզի գիտահետազոտական ինստիտուտի` Հայաստանին ցորենի տարբեր սորտերի տրամադրումը: Հումանիտար ոլորտում դեսպանը հիշատակեց հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի նորոգումն ու 650 ամյակի տոնակատարությունների անցկացումը` Ուկրաինայի կառավարության մակարդակով: Հայերի հոսքը այդ երկիր ավելանում է, թիվը հասել է 300 հազարի եւ անհրաժեշտ է մեր ժողովրդի մասին պատկերացում ձեւավորել Ուկրաինայում: Բոժկոն ինքը վերջերս հայերեն է թագմանել Օրեստ Սուբտելեւի Ուկրաինայի պատմությունը:
«Վերջապես ես մի հետաքրքիր նյութ եմ գտել Ուկրաինայում, որտեղ Փարաջանովը գրում էր իր աշխատանքի մասին` «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի վրա, իր հայեցակերպի` Ուկրաինայի մասին` շատ հետաքրքիր Էսսեներ: Եվ ես մտածում էի, որ «Մոռացված նախնիների ստվերները» թարգմանվի եւ տպագրվի հայերենով»:
Ուկրաինայի նոր նախագահի ընտրությամբ փոխվեց եւ արտաքին քաղաքական վեկտորը.Ալեքսանդր Բոժկոն դա դրական է գնահատում:
«Որովհետեւ վերջ ի վերջո հանում են խնդիրները, որոնք եղել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Եկեք չխոսենք` ինչու է այդպես, ինչպես է ստացվել, ով է մեղավոր: Եկեք համաձայնենք, որ դա խանգարում է թե ամբողջ մթնոլորտին տարածաշրջանում, թե երկկողղմանի փոխհարաբերություններին: Մենք աշխատում ենք հիմա գտնել այդ ձեւը, որը հարմար լինի թե Ուկրաինայի համար, թե` Ռուսաստանի»:
ՎՈՒՈՒԱՄ-ի շրջանակում համագործակցությունը Բոժկոն տեսնում է զուտ տնտեսական ոլորտում: Հավաստիացնում է, որ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանում հավասար հարաբերություններ ունենալ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ:
«Եթե ինչ-որ կասկած ունեք` եկեք աշխատեք այս կազմակերպության մեջ որպես դիտորդ, ասենք»:
Դեսպանը ցանկանում է, որ քաղաքական ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունները լինեն ակտիվ: Սերժ Սարգսյանի ու Վիկտոր Յանուկովիչի հարաբերությունները, նրա դիտարկմամբ, ոչ միայն գործընկերային են, այլեւ ջերմ մարդկային: Միայն այս տարի երկու նախագահները հանդիպել են 8 անգամ:
Օգոստոսին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտգործնախարարը. պատրաստ են նոր փաստաթղթեր` միգրացիոն ծառայությունների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ. պետությունների տարածքում ապօրինի գտնվող անձանց հանձնման եւ ընդունման մասին:
Աշխարհը բարդ է` եզրակացնում է Հայաստանում Ուկրաինայի դեսպանը, պետք է հարեւանների հետ լեզու գտնել, բարեկամների հետ շարունակել ճանապարհը:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|