|
27.07.2010 14:04
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
«ՀԱԱԳԱ-ի դատարանի վճիռից հետո Ղարաբաղի ԱԳՆ պետք է քայլեր ձեռնարկի Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ` ներգրավելով նաեւ քաղաքացիական հասարակությանը: Անելիք ունի նաեւ Արցախի ու նաեւ Հայաստանի խորհրդարանը»,- «Դե ֆակտո» ակումբում կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
ՀԱԱԳԱ-ի դատարանի վճիռը իրավական հետեւանք չի նախատեսում, սակայն քաղաքական տեսակետից որոշակի ֆոն է ստեղծում: Այն ակտիվ ու դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա, վստահ է վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Նրա կարծիքով որոշման ազդեցությունը բանակցային գործընթացի վրա հասկանում են նաեւ Ադրբեջանում. «Ադրբեջանի նիշերը նվազեցին, ավելացան Հայաստանի նիշերը»:
Իհարկե, չի կարելի որոշմամբ ոգեւորված դիմել ՀԱԱԳԱ-ի դատարան ղարաբաղյան խնդրով, կարծում է Կարեն Բեքարյանը, քանի որ նրա պազաբանմամբ դա կվնասի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գրծընթացին: Սակայն միայն ոջունելով եւս չի կարելի սահմանափակվել: Վերլուծաբանն առաջարկում եւ հորդորում է քայլ առ քայլ գնալ որոշակի գործողությունների:
Եվ քայլեր պետք է ձեռնարկի առաջին հերթին հենց Արցախը: Օրենսդիր, գործադիր եւ քաղաքացիական հասարակության օղակների միջոցով պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթաց, խորհրդատվական բնույթի շփումներ հաաստատել խորհրդարանական բարեկամական խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների միջեւ.«Եկեք առանձին դիտարկենք բանակցային գործընթացն ու ճանաչման գործընթացը: ԼՂՀ, չլինելով բանակցային կողմ կաշկանդված չէ, նման գործողության համար: Պետք է կիրառել ճանաչում` ներքեւից վերեւ բանաձեւը»:
Եվ պետք չէ թերահավատորեն վերաբերվել ասվածին, այլ պետք է գործել: Վերլուծաբանը հիշեցրեց, թե որքան թերահավատություն կար ցեղասպանության ճանաչման գործընթացի սկզբում, սակայն արդյունքում շատ երկրներ ճանաչեցին ցեղասպանությունը... «Պատկերացրեք, եթե 8 երկիր ճանաչի Արցախի անկախությունը..»:
Միաժամանակ վերլուծաբանը հստակեցրեց, որ այսօր Արցախի ճանաչման պատեհ առիթը չէ , սակայն գործընթացը սկսելու, խորհրդակցություններ անցկացնելու համար առիթը շատ հարմար է:
Իսկ լրագրողներին Կարեն Բեքարյանը հուշեց, որ լինեն ավելի հետեւողական ու անընդհատ ճշտեն, թե ինչ է արվում, փորձեն հստակեցնել, թե վեց ամսվա ընթացքում ի՞նչ քայլեր է իրականցրել օրինակ ԼՂՀ ԱԳՆ:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|