|
13.03.2010 16:18
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր Երեւանում շարունակվել եւ ավարտվել է ՆԱՏՕ-ի ԽՎ 73-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը: Եռօրյա այդ աշխատանքների ընթացքում հնչել են բավական հետաքրքիր հայտարարություններ եւ վերլուծություներ: Քննարկումների այսօրվա առանցքը Հարավկովկասյան երերք երկրների քաղաքական համակարգերի եւ քաղաքացիական հասարակության թեման էր: Սա հետաքրքիր է նրանով, որ Հայաստանում ներկայացվել է Ադրբեջանում տիրող ներքաղաքական եւ քաղաքացիական հասարակության իրավիճակը: Մինչ այսօր հակամարտող երկրների հասարակությունները միմյանց մասին տեղեկանում էին մամուլի միջոցով, որոնց աշխատանքից եւ որակից այսօր դժգոհեց Ադրբեջանի մասին զեկուցողը:
Ադրբեջանի ներքաղաքական կյանքում եւ քաղաքացիական հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունների մասին այսօր կարելի է ասել «առաջին ձեռքից» տեղեկություն ստացան ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ-Ռոթ երեւանյան սեմինարի մասնակիցները: Հակամարտությունների եւ պետական շինարարության տեղեկատվական ցանցի գործադիր տնօրեն Դենիս Սամութը, երբ առաջարկ է ստացել այդ թեմայով ելույթ ունենալ Երեւանում կամուկացի մեջ է ընկել. որքանո՞վ է նպատակահարմար Ադրբեջանի հետ հակամարտող Հայաստանում բարձրաձայնել ներքին խնդիրները: Այս մասին այսօր ասաց նա անձամբ` զեկույցը ներկայացնելուց առաջ` շեշտելով, որ հույս ունի` Ադրբեջանում իրեն ճիշտ կհասկանան:
«Հաճախ Ադրբեջանը քննադատվում է մարդու իրավունքների համար: Բայց ինչու Ադրբեջանը պետք է փորձի Բելգիայի պես լինել, եթե կարող է լինել Բահրեյնի նման»:
Վերլուծաբանն ընդունում է, որ Ադրբեջանը Արեւմտյան քննադատությանն է արժանանում թերի ընտրությունների, խոսքի ազատության ճնշման ու բարեփոխումների տապալման պատճառով: 90-ականներին սկսված բարեփոխումների գործընթացի ձախողումը առավել ակնհայտ է դատական համակարգում եւ էներգետիկայից բացի բիզնեսի այլ ոլորտներում` ճիշտ միջավայրի ստեղծման առումով, ասում է Դենիս Սամութը: Որպես օրինակ նշում է, որ նավթային գումարների օգտագործումը հսկել հնարավոր չէ, թեեւ Ադրբեջանը միջազգային պայմանագրի անդամ է:
«Ադրբեջանը առաջին պետություններից էր, որը ստորագրել է միջազգային մի պայմանագիր` նավթարդյունաբերության թափանցիկության մասին: Ըստ այդ պայմանագրի` եկամուտները նավթային ընկերություններից, ինդուստրիայից պետք է հայտարարագրվեին թափանցիկ ձեւով, բայց դա հաճախ չի արվում կոռուպցիայի պատճառով»:
Նույնիսկ քաղաքական կուսակցություններն են Ադրբեջանում գտնվում անձերի եւ կլանների ձեռքում:
«Սա նույնպես փոխվում է եւ պետք է փոխվի բավականին արագ, որպեսզի չար ուժերը չկարողանան հաղթել: Այն ուժերը, որոնք շահարկում են մարդկանց զգացողությունները»:
Ըստ Դենիս Սամութի` Ադրբեջանի ընդդիմադիրները վերջին անգամ փորձել են միավորվել 2005 թվականին: Այս ժամանակ չի ստացվել, հաջողության չեն հասնի հավանաբար նաեւ այսօր, կանխատեսում է վերլուծաբանը եւ բացատրում, թե ինչու.
«Ընդդիմադիր կուսակցությունների ցույցերի մեծ մասին մասնակցել եմ, մինչեւ 2005 թվականի ընտրությունները եւ այս ցույցերի հիմնական բնութագրիչներից այն րկ, որ մարդիկ չէին գալիս ցույց անելու որպես մեկ ամբղջական խումբ: Առանձին կուսակցություններ գալիս էին միասին եւ նույնիսկ իրենց մեջ հեռավորություն կար: Կարծում եմ, որ այդ հեռավորությունը սիմվոլիկ էր, ցույց էր տալիս, որ իրենք դեռ իրարից հեռու են եւ պետք է այդ հեռավորությունը մոտեցնեն, որպեսզի դառնան կեսնունակ ուժ: Որեւէ նշան չկա, որ նոյեմբերի ընտրությունների ընդդիմությունը կմասնակցի ավելի լավ ձեւով: Ընդդիմությունը մնում է պառակտված եւ թույլ: Կան, իհարկե, զգալի պառակտումներ քաղաքացիական հասարակության մեջ»:
Սակայն, ամենակարեւորը` պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է: Քաղաքական իսլամի դերը պետությունան մեջ զգալի է, ասում է Դենիս Սամութը: Նա թվարկում է իսլամական 3 ուղղություն, որ այսօր ակտիվ է Ադրբեջանում:
«Կան մուսուլմանական խմբեր, որոնք մոտ են շիիտական ավանդույթին, շատերը գտնվում են Իրանի ազդեցության տակ եւ նրանք աշխատում են բնակչության հիմնական մասի` աղքատ բնակչության հետ: Կա շատ ավելի փոքր խումբ, որոնք կապված են վահաբիտների հետ, նրանցից ոմանք նաեւ մասնակցում են բռնություններին եւ կապեր ունեն Ալ Ղաիդայի հետ, Հյուսիսային Կովկասում ապստամբների հետ: Նրանց ազդեցությունը քաղաքական կյանքի վրա սահմանափակ է: Իմ կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի բնույթը դրանք չեն արտացոլում, չեմ կարծում, որ նման գործողությունները մեծ աջակցություն կստանան ժողովրդի շրջանում: Կա նոր առաջացող ուժ իսլամական կոնտեքստում, որոնք կապված են չափավոր սունիստական խմբերի հետ, օրինակ` Թուրքիայում կա մի շարժում, որն ունի որոշ գործողություններ Ադրբեջանում: Սա մի խումբ է, որը նոր է ի հայտ գալիս եւ շարունակում է աճել եւ հավանական է, որ նրանք ավելի մեծ ազդեցություն կունենան երկրի ապագայի վրա»:
Վերադառնալով քաղաքացիական հասարակությունների թեմային, սեմինարի մասնակիցները կարեւորեցին այդ գործոնը հակամարտությունների կարգավորման հարցում: Թեեւ Լարիսա Ալավերդյանը, որպես ՀԿ նախկին ղեկավարը, որ զբաղվել է ղարաբաղյան խնդրով շեշտեց. Ալիեւ կրտսերի պաշտոնավարման ժամանակ ամեն ինչ փոխվեց` հասարակական սեկտորի հադիպումներն ընդհանրապես վերացել են եւ մնացել են միայն պաշտոնական հանդիպումները: Ընդ որում` այս պայմաններում կարելի է պատկերացնել, որ ադրբեջանցիներն այցելեն Հայաստան, բայց հակառակը` անհնարին է: Այս դիտարկումը Դենիս Սամութը չընդունեց, ինչպես նաեւ չընդունեց մեկ այլ արտահայտություն: Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի արտահայտություններից մեկը, թե «ավտորիտար պետությունների հետ ավելի հեշտ է լուծել կոլֆլիկտները»:
«Համաձայն չեմ կարծիքի հետ, թե ավելի հեշտ է խաղաղություն հաստատել դիկտատորների հետ: Չեմ կարող համաձայնել տիկին Ալավերդյանի հետ, երբ նա ասում է, որ այս կոնտակտների հետ կապված խնդիրները Բաքվով են միայն պայմանավորված` եւ Բաքվում կան խնդիրներ, եւ Երեւանում»:
Քաղաքացիական հասարակության առումով այսօր խոսվեց ոչ միայն Ադրբեջանի, այլեւ` հայաստանի եւ Վրաստանի մասին: Ձեւակերպումներից մեկի համաձայն, այդ առումով իրավիճակը Վրաստանում ավելի լավն է, քան Հայաստանում, իսկ Հայաստանում ավելի լավն է քան Ադրբեջանում:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|