|
13.03.2010 15:25
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը կարծում է, որ իրավունքերի պաշտպանության ոլորտում հաջողության հիմնական նախապայմանը հանրային գիտակցության մեջ իրավական հարցերի գերակայությունն է: Այս տեսանկյունից չի ընդունում հասարակական կազմակերպությունների կողմից հաճախ տրվող գնահատականը, թե մեղավոր է միայն պետությունը:
«Շատ հասարակական կազմակերպություններ հակված են ամեն ինչում մեղադրել պետությանը: Ես այս մոտեցմանը համաձայն չեմ, քանի որ վստահ եմ, որ երկրում իրավունքների պաշտպանության վիճակը կախված է շատ գործոններից: Կարեւորագույնը հանրային մակարդակում իրավագիտակցության առկայությունն է»:
Տեսակետը հիմնավորելով` Սերգեյ Կապինոսը հիշեցրեց նախագահական վերջին ընտրությունները: Նրա հայացքով` թեկնածուներից եւ ոչ մեկի ծրագրում առանցաքային շեշտադրումներն ուղղված չէին իրավական հարցերին, ինչը նշանակում է, որ նման պահանջ հասարակությունը չունի:
«Առաջնային էին արդյո՞ք մարդու իրավուքները թեկնածուների ծրագրերում: Ընդհանուր առմամբ` ոչ, ծրագրեր չկային, կային միայն քննադատական արտահայտություններ եւ վերջ: Եթե իրավունքերի խնդիրները լինեին մարդկանց գիտակցության մեջ, եթե հասրակությունն ունենար այդ պահանջը, ապա քաղաքական գործիչները ստիպված կլինեին դրա հետ հաշվի նստել ու իրավունքրի պաշտպանության հարցը առաջնային դարձնել իրենց ծրագրերում»:
Հաջորդ պատճառը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրենը կապում է դատական համակարգի հետ: Խախտված իրավունքը վերականգնելու հարցում առանցքային դերակատարում ունի հենց դատական համակարգը:
«Հնարավոր է արդյոք Հայաստանի դատական համակարգը համեմատել եվրոպական երկրների կամ ասենք Պակիստանի դատարանների հետ: Եթե համեմատենք, ապա այդ համեմատությունը Հայաստանի օգտին չի լինի»:
Սերգեյ Կապինոսի եզրահանգմամբ, իրավունքերի պաշտպանության հարցերը պետք է օբյեկտիվ ու սթափ դիտարկել եւ համակարգային լուծում տալ դրանց: Միջազգային կառույցները, նրա խոսքով, կարող են աջակցել, խորհուրդ տալ, ուղղորդել, բայց պարտադրել կամ թելադրել չեն կարող: Որպես օրինակ Սերգեյ Կապինոսը խոսեց Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին:
«Եթե պետությունները առանց Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցության մշակեն լուծման որեւէ տարբերակ ղարաբաղի հարցում, պարտադրեն այն, չկատարելու դեպքում պատժամիջոցներ կիրառեն, ապա սա աբսուրդային մոտեցում կլինի: Մերձավոր արեւելքի օրինակն էլ խոսում է այն մասին, որ պարտադրելը անարդյունավետ մոտեցում է, լավագույն դեպքում այն կարող է ժամանակավոր լուծում ուննալ, ինչին կհաջորդի նահանջը»:
Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, Սերգեյ Կապինոսը ՄԽ իր գործընկերների ջանքերը փորձեց զգուշավոր գնահտել: «Գործընթացը շարունակում է բարդ մնալ»,- ասաց նա եւ հավելեց,- « Հնչում են հայտարարությունների հնարավորության պատուհանի մասին: Նման հայտարարույուններ եղել են նաեւ նախկինում, այդ պատճառով դրանց խիստ զգուշավոր եմ մոտենում, պարզապես ցանկանում եմ, որ հնարավորության պատուհանը որքան հնարավոր է երկար բաց մնա ու կոնկրետ արդյունքների բերի»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|