|
12.03.2010 11:25
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարություն է արել Շվեդիայի խորհրդարանում հավանության արժանացած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի առնչությամբ: Գյուլն ասել է, թե այդպիսի որոշումների ընդունման ձեւն իրենց լավ հայտնի է, եւ որ իրենք հատուկ նշանակություն չեն տալիս այդ բանաձեւին:
Ինչպես ադրբեջանական «Թրենդ»-ն է գրում, նա ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ որոշումն ընդունողները պատմաբաններ չեն:
«Կցանկանայի կրկնել այն, ինչ ասել եմ, երբ նման բանաձեւ ընդունեց նաեւ ամերիկյան Կոնգրեսը: Մեծ նշանակություն այդ ամենին չպետք է տալ: Մենք չպետք է չափազանցենք այն որոշումների նշանակությունը, որոնք հարգանքի արժանի չեն»,- ասել է Գյուլը:
Ի դեպ՝ Թուրքիան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Շվեդիայում Թուրքիայի դեսպանին եւ հետաձգել վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Ստոկհոլմ, որը նախատեսված էր մարտի 17- ին:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Շվեդիայի խորհրդարանի որոշումը: Մեր կառավարությունն ու ժողովուրդը մերժում են անհիմն եւ մեծ սխալներ պարունակող որոշումը»,- ասված է թուրքական կառավարության տարածած հայտարարության մեջ:
Անկարայում կարծում են, որ բանաձեւն ընդունվել է ներքաղաքական նկատառումներից ելնելով, եւ չի համապատասխանում թուրք- շվեդական բարեկամական հարաբերություններին:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|