|
12.03.2010 12:43
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մեկօրյա այցով Հայաստանում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Լեհաստանի վարչապետն ի դեպ, մեր երկիր այցելել է առաջին անգամ: «Լեհաստանի վարչապետի այցը կրկնակի հաճելի է, որովհետեւ մի կողմից մենք քննարկում ենք տնտեսական համագործակցության հիքմերի ամրապնդում, մյուս կողմից արձանագրում ենք հայ-լեհական ավանդական բարեկամական կապերը, որոնք ունեն խորը արմատներ, դրանք նույնպես ստեղծում են բարենպաստ միջավայր հայ-լեհական հարաբերությունների խորացման եւ ընդլայման համար»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի ու Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, որն ըստ Տիգրան Սարգսյանի ստեղծելու է բարենպաստ միջավայր երկու երկրների տնտեսական հարաբերությունենրի, ներդրումների, ներդրումների պաշտպանության եւ մասնավոր հատվածին օժանդակելու համար:
«Ձեռք բերվեց պայմանավորվածություն այն մասին, որ պետք է ստեղծվի երկկողմ միջկառավարական հանձնաժողով, որը քննարկելու է մեր օրակարգում գտնվող տնտեսական, քաղաքական, ֆինանսական մշակութային բոլոր հարցերը: Ձեռք բերվեց պայմանավորովածություն կոնկրետ բիզնես-պրոյեկտենրի վերաբերյալ, որոնք գտնվելու են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: Մենք համոզված ենք, որ այցը Հայաստան նոր էջ է բացելու երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|