|
11.03.2010 15:51
Լիանա եղիազարյան
«Ռադիոլուր»
Երկրում գազի գնի բարձրացման եւ մի շարք այլ երեւույթների հետեւանքով արձանագրվող գների բարձրացման երեւույթները Կենտրոնական բանկի մասնագետները համարում են նորմալ` կանխատեսվածի սահմաններում: Նրանք նաեւ նշել են, որ մայիսից գնանկման միտումներ էլ ի հայտ կգան:
Վերջին շրջանում հաճախ են կարծիքներ հնչում, թե Հայաստանը մտել է բարձր գնաճի գոտի: Սակայն Կենտրոնական բանկի մասնագետները հավատացնում են, որ գների այս բարձրացումները, համենայն դեպս առաջիկա մեկ- երկու ամսում, որոշակիորեն կդանդաղեն: Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ 2009- ին դրամի 20 տոկոս արժեզրկման, ինչպես նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում մարտին արձանագրվել է 1, 4 տոկոս, ապրիլին` 3, 2 տոկոս գնաճ:
«Ակնհայտ է, որ այս տարի մարտին շատ ավելի ցածր գնաճ ենք ունենալու, նույնիսկ ապրիլից գազի սակագնի բարձրացման պարագայում գնաճը շատ ավելի ցածր է լինելու, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել է նա:
Կենտրոնական բանկի գնահատմամբ` գազի թանկացումը գնաճի ընդհանուր մակարդակի վրա կազդի ընդամենը 0.9- 1 տոկոսով: Այս եւ մի շարք այլ հաշվարկներ հաշվի առնելով, Արթուր Ստեփանյանի խոսքով, «ապրիլ- մայիսին կունենանք ավելի ցածր գնաճ, քան հիմա է»£
Նման տեսակետը նա բացատրեց Կենտրոնական բանկի` այս տարեսկզբից որդեգրած կոշտ դրամավարկային քաղաքականությամբ, որը եւ նպատակ ունի գնաճը պահել նպատակադրվածի սահմաններում: Սակայն դա էլ չի նշանակում, թե գնաճի զսպման հստակ մեխանիզմներ կան, քանի որ «բնականաբար որեւէ մեկը կախարդական փայտիկ չունի, որ այսօրվա գործողություններով անմիջապես գների վրա ազդի, սակայն, եթե նույնիսկ այս տարվա վերջին մենք չապահովենք մեր թիրախային ցուցանիշը, ապա դա կանենք 2011- ի առաջին եռամսյակում»:
Նկատենք, որ Կենտրոնական բանկն այս տարվա համար գնաճը կանխատեսել է 7, 4 տոկոս, սակայն նաեւ չի բացառվում, որ Կենտրոնական բանկի ձեռնարկած գործողությունների արդյունքում գնաճն այդքան էլ չլինի եւ տատանվի նախորդ տարվա ցուցանիշին մոտիկ 6- 7 տոկոսի սահմաններում:
«Բայց բոլոր դեպքերում մենք հիմա նպատակ չունենք այս տարի ամեն գնով հասնել այդ թիրախին, երբ լավ հասկանում ենք, որ տնտեսությունը դեռեւս վերականգնվում է ճգնաժամից հետո, եւ ճիշտ չէր լինի շատ կտրուկ քայլերի միջոցով հասնել 2009- ի գնաճի նպատակային թիրախին եւ, միաժամանակ, խոչընդոտել տնտեսական աճը», ասել է Արթուր Ստեփանյանը:
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանն էլ իր հերթին ներկայացրել է կենտրոնական բանկի կողմից բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների կանոնակարգման դաշտում վերջին շրջանում կատարված եւ նախատեսվող փոփոխությունները: Նա ասաց, որ գլխավոր դրամատունը շարունակում է ապադոլարացման իր քաղաքականությունը: Վերահսկողությունը բանկերի` արժույթով տրամադրած վարկերի նկատմամբ խստացվելու է:
«Այս քայլը, մեր կարծիքով, կզսպի բանկերի ցանկությունը` շարունակել ակտիվորեն վարկավորել արտարժույթով, եւ մենք կկարողանանք սահմանափակել կամ ազդել բանկերի ցանկության վրա` ներգրավել արտարժութային միջոցներ»,- ասել է նա:
Այսօրվա դրությամբ՝ բանկերի տրամադրած վարկերի 50 տոկոսն արտարժույթով է, 50 տոկոսն էլ` դրամով: Իսկ բանկերում պահված ավանդների ընդամենը 30 տոկոսն է դրամով, ավանդատուների գերակշիռ մասը, փաստորեն, նախընտրում է իր գումարները բանկերում պահել արտարժույթով: Իրականացվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ այս տարեվերջին իրավիճակը կփոխվի հօգուտ դրամի. 5- ական տոկոսով ընդհանուր վարկերի մեջ կավելանան դրամով տրամադրված վարկերը եւ դրամով պահված ավանդները: Սակայն այս փոփոխությունը կուղեկցվի նաեւ արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսադրույքների բարձրացմամբ:
Բացի այդ` «շատ հուսով ենք, որ արտարժույթով պահված ավանդների տոկոսադրույքները մոտ 2 տոկոսով կնվազեն, որպեսզի քաղաքացիներն ըստ այդմ որոշում կայացնեն` իրենց գումարները բանկերում պահեն դրամո՞վ, թե՞ դոլարով կամ եվրոյով»:
Իսկ թե դրան զուգահեռ բանկերն արդյո՞ք կբարձրացնեն դրամով պահվող ավանդների տոկոսադրույքները, Կենտրոնական բանկի մասնագետը դժվարանում է պատասխանել` նկատելով, որ դա կախված է հենց բանկերից:
«Բանկերի ծախսատարությունը հաշվի առնելով` բանկերն ավելի կգերադասեն նվազեցնել արտարժութային ավանդների տոկոսադրույքը, քան բարձրացնել դրամային ավանդների տոկոսադրույքը»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|