|
09.03.2010 14:03
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Այս տարվանից արդեն Ռուսաստանը հանել է սահմանափակումները, որոնք 2007- ից սկսած կիրառվում էին Հայաստանից այդ երկրի տարածք կենդանական մթերք, մասնավորապես, ձուկ եւ մսամթերք արտահանելիս: Իսկ մինչ այդ` Հայաստանը կարող էր արտահանել միայն խեցգետին:
Մասնագետների գնահատմամբ` այս փոփոխությունը զարգացման նոր ազդակ կհանդիսանա հայաստանյան գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ կավելանան արտահանման ծավալները, նոր աշխատատեղեր կստեղծվեն, ի վերջո, նաեւ բյուջետային եկամուտները որոշակիորեն կավելանան, ինչը կարեւորվում է հատկապես ճգաժամի պայմաններում:
Հայաստանից կենդանական ծագման մթերքի արտահանումը Ռուսաստան դադարեցվել էր դեռ 2007 թվականից` կապված մեր երկրում աֆրիկյան ժանտախտի տարածման հետ: Դրանից առանց այն էլ արտահանման լուրջ խնդիրներ ունեցող գյուղատնտեսության ոլորտը զգալի վնասներ էր կրում, արտադրական ներուժ կար, սպառման շուկաներ` ոչ: Սակայն իրավիճակն այժմ արդեն բարելավման միտում ունի:
Գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխկյանի տեղեկացմամբ`«2009- ի նոյեմբերից բացվել է ճանապարհը դեպի Ռուսաստան, այսինքն` հայաստանյան ձկնաբուծական տնտեսությունները կարող են հանգիստ արտահանել ձուկը դեպի Ռուսաստան եւ այլ երկրներ, սակայն դեռ ոչ դեպի Եվրամիություն: Նույնը վերաբերում է նաեւ կենդանական ծագման այլ մթերքներին` պանիր, միս, մսամթերք, եւ այլն»:
Փոխնախարարն այս հնարավորությունը գնահատում է նախ որպես ձեռքբերում արտահանման ավելացման առումով, ինչը բյուջետային եկամուտներ է ենթադրում: Արդյունքում՝ կզարգանա նաեւ ձկնաբուծության ոլորտը, ռուսական կողմի հետ կհաստատվեն նոր գործարար կապեր, առկա կապերն էլ կամրապնդվեն: Նոր աշխատատեղեր էլ կստեղծվեն: Փոխնախարարի խոսքով`«արդեն գործընթացն սկսվել է»:
Այս տարի արդեն Մոսկվա է արտահանվել շուրջ 7, 5 տոննա կարմրախայտ, նույնքան էլ` ոսկեփայլ իշխան, եւ մոտ 4 տոննա ծիածանափայլ իշխան:
Ինչ վերաբերում է պանրի արտահանմանը, ապա ստեղծվել է «Հայկական պանիր» կազմակերպությունը, պանիր արտադրող տարբեր գործարանները միացել են մեկ բրենդի տակ, եւ հիմա, փաստորեն, արդեն կսկսվի պանրի արտահանումը հանրապետությունից դուրս:
Այն, որ հայկական ծագման գյուղմթերքը ռուսական հսկա շուկայում սպասված է եւ պահանջված, Լեւոն Ռուխկյանը չի էլ կասկածում: Նրա խոսքով` հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ թե ինչ ծավալով գյուղմթերք կարտահանվի, դա արդեն բիզնեսի հետ կապված հարց է. կարտահանվի այնքան, որքան կլինի պահանջարկը եւ որքան պայմանագրեր կկնքվեն:
«Ես մի բան գիտեմ, եթե մեզ մոտ տարեկան արտադրվում է մոտ 5000 տոննա ձուկ, ապա մեր ծավալները զգալիորեն կավելանան: Որոշ հաշվարկներով` մինչեւ 2015- 2018 թ.թ. 7-10 անգամ ձկնաբուծութան ծավալները կավելանան: Մենք մտածում ենք ոչ թե ռուսական, այլ մեր շուկայի մասին»,- ասել է նա:
Ինչպիսի՞ իրավիճակ էր մինչ արտահանման սահմանափակման վերացումը մեր գյուղատնտեսության ոլոտում:
«Բավականին մեծ էր վնասը, քանի որ, եթե ապրանքը չի արտահանվում, գործարանները խոշոր վնաս էին կրում: Եթե 5000 տոննա ձուկ է արտադրվում, որը կարող է ծածկել մեր շուկան, սակայն մերոնք կարող են արտադրել 7-10 անգամ ավելի շատ` 100 հազար տոննա»,- հավելեց Լեւոն Ռուխկյանը:
Փոխնախարարը նաեւ ասաց, որ շարունակվում են բանակցությունները հայկական արտադրության գյուղմթերքի արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Հայաստանը նաեւ տարբեր ցուցահանդեսների է մասնակցում:
Նկատենք նաեւ, որ Եվրամիության շուկաները դեռ հայկական ծագման գյուղմթերքի համար փակ են£ Պահանջներն են շատ խիստ, պատճառաբանում է գյուղատնտեսության փոխնախարարը եւ նկատում, որ այդ պահանջներին այսօր, փաստորեն, համապատասխանում է միայն խեցգետինը, որն արտահանվում է այդ շուկաներ անսահմանափակ քանակով: Այդուհանդերձ՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաեւ այդ շուկաներ մուտք գործելու եւ սեփական արտադրանքը ներկայացնելու ուղղությամբ:
«Երեւի մեկ տարվա դեռ աշխատանք ունենք, քանի որ նրանց պահանջները դեռ շատ- շատ խիստ են»:
Հայաստանը դեռ չունի հավատարմագրված լաբորատորիաներ, որոնց փորձաքննության արդյունքները Եվրոպան ի գիտություն ընդունի: Ամեն դեպքում` փորձ է արվում առկա բացերը վերացնել:
Ինչ վերաբերում է ոչ կենդանական ծագման գյուղմթերքի արտահամանը, ապա, փոխնախարարի խոսքով`«մենք խնդիր չունենք, որեւէ սահմանափակում չկա, սահմանափակում կար միայն կենդանական ծագման մթերքի վրա»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|