|
30.07.2010 17:49
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Շատ շուտով ԼՂՀ- ում սկսելու է գործել Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: «Սա ոչ միայն համամշկաթութային նշանակություն կունենա, այլեւ` քաղաքական»,- այսօր ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Սա, ի դեպ` հայտարարվեց իբրեւ անակնկալ, քանի որ Մատենադարանում այսօր հավաքվել էին այլ առիթով` «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց մի շարք հնագույն ձեռագրեր, որոնցից մեկի արժեքն ու նշանակությունը հատկապես բացառիկ է:
Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր- Վարդանյանը առանձնացնում է հայ գրչության խոշոր կենտրոններից մեկում` Կիլիկիայի Ակներ վանքում 1331 թվականին ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի օրինակը:
«Նարեկ»- ի արժեքը եզակի է£ Իսկապես բացառիկ է եւ ամեն օր չէ, որ այդ տեսակի ձեռագիր ստանում ենք: Ձեռագիրը մեր տեսադաշտում մի քանի տարի արդեն կար£ Այսօր արդեն հայագիտության ուսումնասիրության առիթ է: Ձեռագիրը ստանալուց հետո Դավիթ Ղարազյանը` մեր աշխատակիցը, ուսումնասիրեց առկա գրականությունը եւ պարզեց Ակներ վանքից մեզ հասած 34 ձեռագիր: Դրա 1/3-ը Մատենադարանում է»£
Մասնագետներն այսօր մեծ հպարտությամբ ցուցադրում էին նաեւ ստացված մյուս ձեռագրերը: Նվիրատվության ցանկում էին 17- րդ դարի «Մաշտոց» ծիսական ժողովածուն, 18- րդ դարի հայերեն հմայիլը, 17- 18- րդ դարերի արաբերեն- օսմաներեն կրոնական բովանդակության 5 ձեռագիր եւ 17- րդ դարի 2 պարսկերեն մանրանկար:
Այս ամենը, սակայն, դեռ ցուցադրության ենթակա չէ: Մատենադարանի աշխատակիցների խոսքերով` «այժմ տեւական եւ հոգեմաշ աշխատանք է սկսվելու յուրաքանչյուր թերթիկի վրա` մաքրել, նորոգել եւ ամրացնել»:
Իսկ մինչ այդ՝ սկզբնական մշակում է անցկացվել` սնկային բաղադրիչներից ձեռագրերը ապահովագրելու համար: Անհրաժեշտ մշակումների եւ աշխատանքների սպասող ձեռագրերը, ընդհանրապես, Մատենադարանում շատ են, ասում է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
«Շուտով կսկսի գործել գրավոր հուշարձանների վերանորոգման, կոնսերվացման եւ ընդօրինակման՝ ռեստավրացիայի եւ մանրանկարչության դպրոցը, որը նոր մասնագետներ կպատրաստի Մատենադարանի համար: Ջանքերը նշված ասպարեզներում պետք է բազմապատկել, քանի որ վերանորոգման սպասող հազարավոր ձեռագրեր կան, կարելի է ասել, ձեռագրական ամբողջ ժառանգության երեք քառորդ մասը: Իսկ ձեռագրական, արխիվային եւ նմանատիպ գրքերի ֆոնդերն անընդհատ աճում են»£
Վերջին շրջանում, ի դեպ, ֆոնդերն աճում են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի շնորհիվ: Այսօրվա նվիրաբերումն իրականացվեց հենց նրանց կողմից, նրանք են նաեւ օգնում ռեստավրացիայի եւ մանրանկարչության դպրոցը ստեղծելու գործին:
Հիմնադրամի ջանքերով Մատենադարանը վերջերս հարստացել էր եւս մեկ ձեռագրով: Հաջողվել էր ձեռք բերել թանկագին արխիվ` Ադանայի առաջնորդարանի 1905- 1915 թվականների արխիվը, որն ընդգրկում է մոտ 2 հազար միավոր` իր մեջ ներառելով Առաջնորդարանի նամակագրությունը, տնտեսական խորհրդի արձանագրությունները, Ադանայի քաղաքական եւ գավառական խորհորդների այդ ժամանակաշրջանի նիստերի արձանագրությունները եւ այլ մեծարժեք փաստաթղթեր, որոնք ընդհատվում են 1915 թվականի ապրիլի 24- ով:
Սակայն, սա դեռ ամենը չէ: Թեեւ Մատենադարանի տնօրենը փորձում էր չբացել ապագայի հետ կապված ծրագրերը, այնուամենայնիվ, «Փյունիկ» հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիյել Չեմպերճյանը հայտարարեց, որ «Ղարաբաղում մեր հիմնադրամի աջակցությամբ պետք է բացենք փոքրիկ Մատենադարան, որ երբ այնտեղ տուրիստներ գնան, տեսնենք, որ Ղարաբաղի մեջ էլ տարբեր դարերում ծրագիրներ են եղել, մենք վանքեր ենք ունեցել, որոնք վերականգնել են»£
Այսքանից հետո Մատենադարանի տնօրենին մնում էր միայն ներկայացնել այս ծրագիրը: «Վաղուց, իհարկե, կարելի էր այդ գործն անել, վաղուց այդ գաղափարը կար, բայց գաղափարներն իրագործող մարմինը դարձավ «Փյունիկ» հիմնադրամը: Աշխատանքներն արդեն սկսվել են այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ մի քանի ամսից մենք կունենանք նման հնարավորություն` Մատենադարանի մասնաճյուղ բացելու Արցախում եւ դա իսկապես կլինի համամշակութային նշանակություն ունեցող իրադարձություն: Եվ, ինչու չէ` նաեւ քաղաքական»£
«Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանի կարծիքով՝ անիմաստ է խոսել Մատենադարան մտած ձեռագրերի արժեքի մասին: Այդ արժեքն արդեն սերունդներինն է: Նա նաեւ հայտնեց, թե ինչպես են ձեռք բերում ձեռագրերը£
«Հիմնականում անհատների մոտից ենք ձեռք բերում: Բնագավառի մասնագետները սովորաբոր իմանում են` ում մոտ ինչ կա, մարդիկ իրենք են դիմում: Նաեւ մարդիկ կան, որոնք հասկանում են, որ չի կարելի պահել, դիմում են եւ այդպես ձեռք ենք բերում»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|